Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ

 Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ - Dark

«Հրայր Մարուխյան» հիմնադրամի Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակը արդեն 8 տարի է, ինչ ծառայություններ է մատուցում աշխատանքային և հարակից իրավուքների պաշտպանության գործում։

Գրասենյակը գործում է 2018թ․ հունվարից և այս 8 տարիներից 7-ի ընթացքում աշխատանքային իրավունքների պաշտպանության՝ խորհրդատվության, աշխատանքային իրավունքների դատական պաշտպանության ոլորտում մատուցել է իր ծառայությունները անվճար հիմունքներով։

Այս ընթացքում Գրասենյակը ավելի քան 2500 խորհրդատվական ծառայություն է մատուցել, ավելի քան 1000 հոգու, դատարաններում վարել է մոտ 500 դատական գործ։ Գրասենյակի ջանքերով մոտ 300.000.000 ՀՀ դրամ ստացել են տարբեր ոլորտի աշխատողներ՝ իրենց իրավունքների վերականգնման արդյունքում։

Այնուամենայնիվ, հարկային օրենսդրության փոփոխությունից հետո, Գրասենյակն իր ծառայությունները, որոնք 7 տարի մատուցել է անհատույց, 2025թ․ հունվարից ստիպված եղավ իրեն դիմող շահառուներին մատուցել վճարովի հիմունքով։ Սակայն գումարը, որ գանձվում է իր շահառուներից, խորհրդանշական է, փոքր և միայն պետության նկատմամբ պարտավորությունների կատարմանն է ուղղված։ Այսինքն՝ ըստ էության, Գրասենյակը, մատուցելով փաստաբանական ծառայություններ, դրա արդյունքում շահույթ չի ստանում։

Քաղաքացիները այս տարիների ընթացքում գրասենյակ են դիմել հետևյալ հարցերով, որոնք վերաբերել են աշխատանքից ապօրինի  ազատմանը, պայմանագրի լուծմանը, աշխատավարձի բռնագանձմանը, չօգտագործված ամենամյա արձակուրդին, ավանդներին, մայրության նպաստին, բյուլետեն ներկայացնելուն, աշխատանքային պայմանագիրը աշխատողի նախաձեռնությամբ լուծելուն, իրավաբանական նշանակություն ունեցող փաստի /աշխատանքային ստաժի/ հաստատմանը, կարգապահական տույժեր, ծառայողական քննություններ, կենսաթոշակի վճարմանը, տնաշխատների իրավունքների պաշտպանությանը և աշխատանքային իրավունքից դուրս մի քանի խնդիրներով։

Գրասենյակի ուշադրության կենտրում են մասնավորապես  այն գործերը, որոնք կապված են քաղաքական դրդապատճառներով աշխատանքից ազատման հետ։ Դրանք վերաբերում են պետական ապարատից (նախարարություններ, ՊՈԱԿ-ներ, համայնքապետարաններ, մարզպետարաններ) ընդդիմադիր հայացքներ ունեցող կամ ընդդիմադիր կուսակցությունների անդամ աշխատողների ազատմանը։ Հարկ է նշել, որ նշված գործերն ավարտվում են մեծ մասամբ հաղթանակով՝ ապահովելով աշխատողների վերականգնումը և հատուցումը։