Author: kalem

  • Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրամի անդամակցությունն Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամին

    Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրամի անդամակցությունն Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամին

    Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European Progressive Studies/FEPS) գլխավոր ասամբլեան նոյեմբերի 13-ին վավերացրել է «Հրայր Մարուխյան» հիմնադրամի անդամակցության դիմումը։

    FEPS-ը եվրոպական խոշորագույն քաղաքական հիմնադրամներից մեկն է, իսկ սոցիալ-դեմոկրատական ուղղվածության՝ խոշորագույնը։ Այն ունի 41 լիիրավ անդամ ԵՄ անդամ երկրներից և 31 դիտորդ անդամ՝ ԵՄ և այլ երկրներից։

    Այս հաջողությունն իր աշխատանքները վերաաշխուժացնող «Հրայր Մարուխյան» հիմնադրամին հնարավորություն կտա շեշտակիորեն ընդլայնել միջազգային համագործակցության շրջանակը, ներգրավվել ոլորտային կրթական, հետազոտական և գիտական ծրագրերում։ FEPS-ի անդամակցությունն էապես կընդլայնի նաև «Հրայր Մարուխյան» հիմնադրամի վերլուծական ներուժը՝ վերջինիս հնարավորություն ընձեռելով օգտվել FEPS-ի վերլուծական կարողություններից։

    FEPS-ի գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով Բրյուսելում գտնվող «Հրայր Մարուխյան» հիմնադրամի տնօրեն Գևորգ Ղուկասյանը հանդիպել է FEPS-ի նախագահ Նիկոլաս Շմիդթի և FEPS-ի գլխավոր քարտուղար Լասլո Անդորի հետ և մտքեր փոխանակել առաջիկա համագործակցության շուրջ։ Նախքան այդ՝ գլխավոր ասամբլեայի ընթացքում տեղի ունեցած իր ելույթում, նա ընդգծել է Հայաստանում սոցիալ-դեմոկրատական գաղափարների շուրջ մտավոր, ակադեմիական և քաղաքական միջավայրի զարգացման կարևորությունը։ Նրա խոսքով՝ սոցիալ-դեմոկրատիան Հայաստանի համար պարզապես քաղաքական ավանդույթ չէ, այլ երկրի ապագայի հրամայական, ինչպես նաև ժողովրդավարական համախմբման, սոցիալական արդարության, տնտեսական զարգացման ու ազգային անվտանգության մարտահրավերներին արձագանքելու համապարփակ արժեհամակարգ։ Գևորգ Ղուկասյանն առանձնացրել է Հայաստանում սոցիալ-դեմոկրատական գաղափարների քաղաքացիական և մտավոր միջավայրի ձևավորումը՝ որպես հիմնադրամի գործունեության առանցքային ուղղություն։

    Անդրադառնալով հիմնադրամի ռազմավարական առաջնահերթություններին՝ Գևորգ Ղուկասյանը նշել է, որ այն նպատակ ունի կամուրջ դառնալու հայաստանյան հասարակության և եվրոպական սոցիալ-դեմոկրատական ընտանիքի, ակադեմիական հետազոտությունների և քաղաքական որոշումների կայացման, ինչպես նաև պատմական սոցիալիստական ժառանգության և արդի մարտահրավերների միջև։

  • Գևորգ Ղուկասյանը նշանակվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրամի տնօրեն

    Գևորգ Ղուկասյանը նշանակվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրամի տնօրեն

    «Հրայր Մարուխյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ Գևորգ Ղուկասյանը նշանակվել է հիմնադրամի տնօրեն։
    Ստորև՝ Գևորգ Ղուկասյանի կենսագրությունը։

    Գևորգ Մարտիկի Ղուկասյան
    քաղաքական գիտությունների թեկնածու, «Հրայր Մարուխյան» հիմնադրամի տնօրեն

    2010-2016 թթ․ սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում, 2017-2022թթ․՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի ասպիրանտուրայում՝ «քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ» մասնագիտությամբ։

    2017-2018թթ․ սովորել է Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների Երևանյան դպրոցում։

    2023թ․ թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել «Եվրոպայի հայկական լոբբին որպես ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման դերակատար» թեմայով և ստացել քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

    2026թ․ օգոստոսից սովորում Հայաստանում Ամերիկյան Համալսարանի թարգմանության հավաստագրային դասընթացում։

    2016-2018 թթ․աշխատել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում։

    2017թ․ վերապատրաստվել է Վիեննայի «Ջոինթ Վիեննա» ինստիտուտում, 2018թ․ աշխատանքային եռամսյա փորձառություն է անցել Եվրոպական խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի քարտուղարությունում։

    2018-2023թթ․ պարբերաբար վերապատրաստվել և գործուղման է մեկնել Հայ դատի Վաշինգտոնի և Բրյուսելի գրասենյակներում, մասնագիտական ուսումնասիրություններ կատարել ՀՅԴ՝ Բոստոնի կենտրոնական արխիվում։

    2020թ․ նոյեմբերից ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակի ծրագրերի պատասխանատուն է։

    2025թ․ հունվարից ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հոգեբանության և քաղաքագիտության ամբիոնի դասախոս է։ Դասավանդում է քաղաքական վերլուծություն և կանխատեսում, քաղաքական լոբբինգ, եվրոպագիտություն առարկաները։

    2025թ․ հուլիսից «Հրայր Մարուխյան» հիմնադրամի տնօրենն է։

    Գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է միջազգային հարաբերությունների ոլորտը, ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացը, ՀՀ-ԵՄ հարաբերությունները, ներեվրոպական քաղաքական զարգացումները, լոբբինգի ինստիտուտը, մասնավորապես էթնիկ լոբբինգը, Հայ դատի համակարգի ձևավորումն ու զարգացումը, արդի սփյուռքի փոխակերպումները և ազդեցությունը միջազգային հարաբերությունների վրա, քաղաքական արդիականացումը, փափուկ ուժի տեսությունը, բազմամշակութայնությունը, եվրոպական սոցիալ-դեմոկրատիայի պատմությունն ու ներկա մարտահրավերները և այլն։

    Հեղինակ է 6 գիտական և առավել քան 60 հրապարակախոսական հոդվածների։