«Հրայր Մարուխեան» հիմնադրամի նախաձեռնությամբ «Ազատ Լսարան» ծրագրի շրջանակներում Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Աղվերանում կազմակերպվեց «Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետության ճանապարհին» թեմայով սեմինար։ Մասնակցեցին «Ազատ Լսարան» ծրագրի երկու շրջափուլերի շրջանավարտները, ինչպես նաև մի քանի հրավիրյալներ։
Երկօրյա սեմինարի մասնակիցները քննարկեցին քաղաքական գլխավոր գաղափարախոսությունները և դրանց տնտեսական և սոցիալական բաղադրիչները։ Առանձնահատուկ ներկայացվեին սոցիալիզմի ու սոցիալ-դեմոկրատիայի էությունները, հիմքերն ու առանձնահատկությունները։ Խորացում եղավ ՀՀ-ի կենսաթոշակային համակարգի մարտահրավերների մասով, որպես այժմեական հասարակությանը հուզող խնդիր։ Թեմաների ցանկում էր նաև ազգային գաղափարախոսությունը և դրա նշանակությունը պետական շինարարության մեջ։
Բանախոսների կողմից թեմայի ներկայացումներից բացի, մասնակիցներն իրենք էլ ներկայացրեցին զեկույցներ ՀՀ-ում կուսակցությունների քաղաքական գաղափարախոսությունների և սոցիալ-տնտեսական հիմնական ուղղվածությունների մասին, ինչպես նաև սոցիալ-դեմոկրատիայի կիրառման հաջողած օրինակների մասին։ Մասնակիցները նաև քննարկեցին ու խմբային աշխատանքների միջոցով խնդիրներ վերհանեցին սոցիալական պետության և սոցիալ-դեմոկրատիայի գաղափարախոսությունը Հայաստանում կիրառելու հնարավորությունների մասին։
«Մենք կարծում ենք որ երկրի ապագայով մտահոգ երիտասարդները պետք է անպայման ծանոթ լինեն քաղաքական գործընթացներին և պետական կառավարման համակարգին։ Այդ պատճառով որոշեցինք նախաձեռնել քաղաքական ազատ լսարանը, որի ընթացքում երիտասարդները 2 ամիս, շաբաթը 2 անգամ, նախ լսում են հրավիրված մասնագետներին՝ քաղաքական գործիչներին, վերլուծաբաններին, գիտնականներին, կառավարության անդամներին, ապա սեփական կարծքն են ձեւավորում տվյալ հարցի շուջ, հետազոտություններ կատարում և այլն։ Մեր նպատակն է երկրի համար պատրաստել կրթված մասնագետ»,- ասաց քաղաքական «Ազատ լսարանի» պատասխանատու Իվան Աղազարյանը։
Քաղաքական դասընթացներն անցակցվում են 2017 թվականից։ Նախորդ 2 շրջափուլին մասնակցել է մոտ 90 մարդ։ 3-րդ շրջափուլը կմեկնարկի սեպտեմբերին: Դրանից բացի, կազմակերպիչները նախատեսել են նաև արտագնա դասընթացներ։ Մեկնարկը կտրվի Լոռիում, իսկ հետագայում արդեն, Հայաստանի և Արցախի բոլոր երիտասարդները հնարավորություն կունենենան մասնակցել քաղաքական «Ազատ լսարան» ծրագրին։
«Ոչ ֆորմալ քաղաքական կրթություն ստանալու համար որոշեցի մասնակցել այս դասընթացին։ Ստեղծված նոր հարթակում հնարավորություն ունեցա տիրապետել որակյալ գիտելիքների, ձեռք բերել նոր ընկերներ և ծանոթություն», – ասաց ծրագրի մասնակից Տիգրան Չանդոյանը։
Առաջին շրջափուլի շրջանավարտ Գևորգ Գալստյանն էլ նշեց․ «Երբ պատրաստվում էի մասնակցել «Ազատ Լսարան» ոչ ֆորմալ քաղաքական դպրոցին, այն չուներ այսպես ասած ` փորձառություն, բայց քանի որ դպրոցի կայացման կազմակերպման նախաձեռնությունը «Հրայր Մարուխյան» հիմնադրամինն էր և քանի որ բոլորիս համար քաջ հայտնի է Հրայր Մարուխյան գործչի ներդրումն ու նվիրումը Հայաստանի նորանկախ Հանրապետության կայացման և Արցախի ազգային ազատագրական շարժման գործում, ինձ մի տեսակ պարտավորված զգացի, և միանշանակ որոշեցի մասնակցել այդ հրաշալի և, ինչպես պարզ դարձավ, արդյունավետ, գիտելիքահեն հասարակություն ձևավորելու նախաձեռնությանը: Այսպիսի նախաձեռնություններով պայմաններ և ներուժ է ստեղծվում քաղաքացիական հասարակության ձևավորման համար: Պետք է նշել, որ այս դպրոցի մասնակիցները (այդ թվում և ես) յուրաքանչյուր դասախոսությունների ավարտից հեռանում ենք գիտելիքների մեծ պաշարով, դրանով իսկ ընդարձակելով քաղաքական և գիտական մտահորիզոնը»:
Երիտասարդներին քաղաքականացնելու և հասարակական- քաղաքական կյանքում ներգրավվելու փորձը քաղաքական «Ազատ լսարանի» հանձնախմբի ատենապետ Կարին Հովսեփյանը կայացած է համարում։«Ինչու ազատ լսարան, որովհետև ցանկանում էինք, որ երկխոսություն ու մտքերի փոխանակման մթնոլորտ լինի ու մասնակիցներն արտահայտվեն այս կամ այն հարցի շուրջ։ «Ազատ լսարանը» բաց է բոլորի համար, կարող են դիմել այն մարդիկ, ում հետաքրքրում է քաղաքականությունը»,- ասաց Կարին Հովսեփյանը: «Ամփոփելով շրջափուլի արդյունքները՝ ազդարարում ենք` շուտով կտրվի հաջորդ շրջափուլի հայտերի ընդունման մեկնարկը։ Այն կանցկացվի Վանաձորում՝ Լոռու մարզի` քաղաքականությամբ հետաքրքրվող բնակիչների համար», ասաց Կ. Հովսեփյանը։
Աղվերանում կազմակերպված դասընթացին, դասախոսություններով հանդես եկան ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի անդամ Արմեն Գրիգորյանը, պատմական գիտությունների դոկտոր, դոցենտ, ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի վարիչ Արման Եղիազարյանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը, նախկին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Թադեւոս Ավետիսյանը, Տնտեսագիտության թեկնածու, ՀՀ Հաշվեքննիչ պալատի անդամ Արա Նռանյանը, պատմական գիտությունների թեկնածու, նախկին ՀՀ Կրթության և գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:
Սեմինարի ավարտին ՀՄՀ Քաղաքական դասընթացների «Ազատ Լսարան» ծրագրի երկրորդ շրջափուլն ավարտած 23 մասնակիցներին, ինչպես նաև սեմինարի բոլոր մասնակիցներին տրվեցին հավաստագրեր։ ՀՄՀ անունից մասնակիցները ստացան նաև գրքեր, որոնց շարքին՝ Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետությունը» հատորը։
Մասնակիցները սեմինարը գնահատել են շատ դրական ու Աղվերանից հեռացել խանդավառված՝ մոտ ապագայում տարբեր թեմաների շուրջ քննարկումներ ու մտքերի փոխանակումներ կազմակերպելու պատրաստակամությամբ։ Ծրագրի նպատակներից է նաև մասնակիցների քաղաքական հետաքրքրությունը գործնական քայլերի վերածելը’ ակտիվ մասնակցություն բերելով հասարակության քաղաքական օրակարգին առնչվող խնդիրների ուսումնասիրման, վերլուծության և լուծումների մշակման գործընթացին։
Նանե Հայրապետյան