Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակն այսօր, Հրայր Մարուխյան հիմնադրամի աջակցությամբ, նախաձեռնել էր կլոր սեղան-քննարկում՝ «Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանություն. բացահայտված խնդիրներ և մտահոգիչ դրսևորումներ, հնարավոր լուծումներ» թեմայով: Քննարկմանը ներկա էին ՀՅԴ վերոնշյալ գրասենյակի մասնագետներ, ՀՀ նախագահի, վարչապետի, ՄԻՊ աշխատակազմերից ներկայացուցիչներ, պատգամավորներ, փաստաբաններ և այլ հյուրեր:
Գրասենյակի կատարած հետազոտությունը ներկայացրեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը: Նրա ելույթից հետո մասնակիցները հարցուպատասխանի ձևաչափով քննարկում ծավալեցին, որն անցավ բավական կառուցողական մթնոլորտում:
Նշենք, որ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը ՀՀ աշխատանքային օրենսդրության մասնագիտական համակողմանի ուսումնասիրությունների արդյունքներով առանձնացրել է առարկայական մի շարք խնդիրներ՝ դրանց հնարավոր լուծումներով: Այդ խնդիրներն ուղղակիորեն վերաբերում են աշխատանքի ոլորտի մի շարք բնագավառներում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների թերի կատարմանը, աշխատողների և գործատուների իրավունքների ու պարտականությունների ոչ հավասարակշիռ ապահովմանը, օրինական և արժանապատիվ աշխատանքի համար անհրաժեշտ նվազագույն պայմանների բացակայությանը:
Վեր հանված խնդիրները ներառում են աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում օրենսդրական կարգավորման բացերը, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած բացասական դրսևորումները:
Ըստ գրասենյակի ներկայացրած վերլուծության` նախկին զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, զինծառայողների ընտանիքների անդամների, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքների անդամների համար Աշխատանքային օրենսգրքով նախատեսված չեն կարգավորման անհրաժեշտ առանձնահատկություններ (արտոնություններ), որոնք գործում են, օրինակ, Ռուսաստանում, Բելառուսում, Թուրքմենստանում, Տաջիկստանում: Անվիճելի է նմանատիպ կարգավորման առարկայական անհրաժեշտությունը նաև մեր երկրում: Այս նպատակով օրենսգրքում անհրաժեշտ է սահմանել նախկին զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, զինծառայողների ընտանիքների անդամների, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքների անդամների առանձնահատուկ կարգավիճակն աշխատանքային հարաբերություններում, ամրագրել սոցիալ-աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ, օրինակ՝ հաստիքների կրճատման հիմքով աշխատանքից ազատման դեպքում նախապատվության իրավունք, ամենամյա արձակուրդի ժամանակի ընտրության առաջնահերթության իրավունք, չվճարվող լրացուցիչ արձակուրդ, պետական կազմակերպություններում աշխատանքի ընդունվելու առաջնահերթության իրավունք և այլն:
Իր ելույթում Ավետիսյանն անդրադարձավ Հայաստանում օտարերկրացիների աշխատանքին: Նա նշեց, որ վերջերս հասարակական և մասնագիտական տարբեր շրջանակներում ակտիվացել են քննարկումները Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների աշխատանքի վերաբերյալ:
«Հայաստանում օտարերկրացիների աշխատանքը կարգավորող օրենսդրության նկատմամբ պետական վերահսկողությունը գրեթե բացակայում է, դրանք իրականացնող մարմիններն իրենց վերապահված գործառույթներն ու պատասխանատվությունը ոչ լիարժեք են իրականացնում վերջին շրջանում: 4 ամիս է, ինչ Հայաստանում կրկին գործում է օտարերկրացիների աշխատանքի թույլտվության պահանջը: Իրականում ի՞նչ է սա ներկայացնում: Մեր գնահատմամբ` օրենքի այս պահանջը ձևական բնույթ ունի: Գործող կարգավորման համաձայն՝ գործատուն իր մոտ առկա թափուր աշխատատեղի մասին տեղեկացնում է զբաղվածության բնագավառում լիազորված պետական մարմնին (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն): Եվ եթե մեկ ամսվա ընթացքում գործատուի պահանջներին համապատասխանող թեկնածու չի առաջադրվում նրան, կամ նա մերժում է առաջադրված թեկնածուներին, ապա ստանում է թույլտվություն իր ուզած` կոնկրետ օտարերկրացի աշխատողի համար: Ստացվում է, եթե գործատուն հստակ որոշել է կոնկրետ օտարերկրացու վերցնել աշխատանքի, ապա նա կարող է առանց որևէ հիմնավորման մերժել Հայաստանի քաղաքացիներից իրեն առաջադրված թեկնածուներին և ընդամենը մեկ ամիս սպասելուց հետո, որոշակի փաստաթղթեր ներկայացնելով, ստանալ թույլտվություն: Փաստորեն, կարգավորման այս գործիքը ծառայում է ոչ թե իր բուն նպատակին՝ պաշտպանել ներքին աշխատաշուկան, այլ գործատուի համար առաջացնում է որոշակի լրացուցիչ վարչական բեռ՝ մեկ ամիս սպասել, որոշ փաստաթղթեր ներկայացնել, շփվել վարչական մարմինների հետ և այլն»,- պարզաբանեց տնտեսագետը:
Նա կարևորեց նաև այն հանգամանքը, որ աշխատանքի թույլտվության պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողությունը ևս չի կարող լիարժեք լինել, քանի որ այն դրված է հարկային պետական ծառայության վրա` ընդամենը նրան վերապահված լիազորությունների շրջանակներում: Բացատրեց` վերջին տարիներին ընթացող տեսչական բարեփոխումների շրջանակներում աշխատանքի պետական տեսչությունը միացվեց առողջապահական պետական տեսչությանը, և պետական վերահսկողության տիրույթից դուրս մնացին աշխատանքային իրավունքի մի շարք կարևորագույն բնագավառներ, այդ թվում՝ օտարերկրացիների աշխատանքի նկատմամբ վերահսկողությունը:
«Մտահոգիչ է նաև արձանագրվող այն փաստը, որ վերջին շրջանում մեծ տեմպով ավելանում է բանվորական մասնագիտություններով և առանձին կոնկրետ երկրներից օտարերկրացի աշխատողների ներհոսքը մեր երկիր: Այս իմաստով հարկ է նշել, որ միայն օտարերկրացիներին աշխատանքի թույլտվություն տալը բավարար չէ արդեն իսկ առկա խնդիրները լիարժեք լուծելու համար: Ներքին աշխատաշուկայի արդյունավետ պաշտպանության համար պետք է ամբողջականացվի կարգավորման գործիքակազմը: Այն պետք է համալրվի ըստ երկրների ու առանձին մասնագիտությունների՝ օտարերկրացի աշխատողների համար տարեկան թույլատրելի առավելագույն քվոտաների գործադրմամբ: Այս խնդիրների համակարգային լուծումները` ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան, պետության համար պետք է լինեն աշխատանքի ոլորտում իրականացվող հետագա բարեփոխումների հիմնական օրակարգ: Հակառակ պարագայում ստացվում է, որ կիրառում ենք կարգավորման գործիք, որն իրականում չի ծառայում պետական համապատասխան քաղաքականության բուն նպատակին, սակայն գործատուների համար առաջացնում է վարչական անտեղի ու լրացուցիչ բեռ՝ հնարավոր բոլոր ռիսկերով»,- մեկնաբանեց Ավետիսյանը:
Դառնալով աշխատանքային ժամերին ու ռեժիմին` նա նշեց, որ 2014 թվականին օրական 24-ժամյա աշխատանքն արգելող օրենքի նախագիծ էր դրվել շրջանառության մեջ, սակայն հետագայում այն չընդունվեց, ու գերադասվեց գործատուների շահը: Բայց Միջազգային իրավունքի նորմերով՝ ցանկացած դեպքում օրական աշխատաժամանակը չպետք է գերազանցի 16 ժամը:
ՀՅԴ տնտեսական հետազոտությունների գրասենյակի առաջարկվող լուծումները միտված են աշխատանքի ոլորտում Հայաստանի վավերացրած միջազգային պարտավորությունների կատարմանը, ներքին օրենսդրական առկա հակասությունների վերացմանը, միջազգային դրական փորձով ապացուցված արդյունավետ կարգավորումները մեր երկրում տեղայնացնելուն, ինչպես նաև աշխատանքային հարաբերություններում սոցիալական երկխոսության և գործընկերության կայացման ու զարգացման համար անհրաժեշտ հիմքերի ամբողջականացմանը:
«ԵՐԿԻՐ»