«Հրայր Մարուխեան» հիմնադրամը հրապարակել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի վերլուծությունների շարքի չորրորդը՝ «Մանրածախ առևտրի համակենտրոնացման միտումները ՀՀ-ում»։
Վերլուծությունն առաջին անգամ հանրության ուշադրությանը հանձնվեց մի քանի օր առաջ։
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի այս վերլուծությունն իրականացվել է «Մանրածախ առևտրի համակենտրոնացման միտումները ՀՀ-ում» թեմայով: Ըստ որի՝ ապրանքային շուկաներում առկա համակենտրոնացվածության («մենաշնորհացման») բարձր աստիճանը առաջ է բերում այնպիսի ռիսկեր, ինչպիսիք են՝ մրցակցության խաթարումը, շուկայից փոքր և միջին բիզնեսի դուրս մղումը և նորերի մուտքի սահմանափակումը, սպառողների շահերի ոտնահարումը, կոռուպցիան, գների անհիմն տատանումները և ի վերջո երկրում համախառն տնտեսական վնասի առաջացումը:
Եթե 90-ականներից սկսած մենք գործ ունեինք առանձին ապրանքների մեծածախ շուկաներում (օրինակ՝ շաքարավազ, ալյուր, կարագ, բենզին, դիզելային վառելիք և այլն) մենաշնորհ և գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կողմից իրականացվող անբարեխիղճ և հակամրցակցային երևույթների հետ, ապա ներկայումս արագ տեմպերով «մենաշնորհացվում է» մանրածախ առևտրի ոլորտը, որից մեծ վնասներ են կրում մանրածախ առևտրով, մատակարարումներով և արտադրությամբ զբաղվող բազմաթիվ փոքր և միջին ձեռնարկությունները:
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի այս վերլուծության նպատակն է՝ վեր հանել մանրածախ առևտրի շուկայում առկա համակենտրոնացման միտումները, ազատ և բարեխիղճ մրցակցության հիմնական խոչընդոտները և առաջարկել համապատասխան քայլեր, որոնք այս ոլորտում կձևավորեն առողջ մրցակցային միջավայր: Ինչը վստահաբար կխթանի փոքր և միջին մատակարարների և մանրածախ վաճառողների գործունեությունը, ինչպես նաև կապահովի սպառողների շահերի պաշտպանությունը։
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առյուծի բաժինն այս ոլորտում բաժին է ընկնում 4 խոշոր առևտրային ցանցերին՝ Երևան Սիթի, ՍԱՍ, Նոր Զովք և Կրպակ: Իհարկե, զարգացած երկրներում ևս մանրածախ առևտուրը կենտրոնանում է սուպերմարկետներում, սակայն նույն այդ սուպերմարկետները, իրենց մրցակցային առավելություններով հանդերձ, անդառնալի վնասներ չեն հասցնում փոքր և միջին խանութներին, որոնք լուծում են աշխատատեղերի ապահովման և եկամուտների վերաբաշխման կարևորագույն խնդիր՝ յուրաքանչյուր երկրում:
Վերլուծության արդյունքում՝ մանրածախ առևտրի ոլորտի զարգացումը սահմանափակող մի շարք խորչընդոտներ են առանձացվել. դրանք են՝ առևտրի օբյեկտների դասակարգման և տեղաբաշխման կարգավորման բացակայությունը, առևտր խոշոր օբյեկտների կուտակումները Երևանում: Խոշոր ներմուծողները՝ մեծածախ վաճառողները, զբաղվում են նաև մանրածախ վաճառքով, ավելացված արժեքի հարկը վճարելուց խուսափելու դեպքերը, խոշոր առևտրային ցանցերի կողմից պահանջվող լրացուցիչ վճարները և սպառողների ներգրավման մարքետինգային քայլերը: Չգրանցված աշխատողների առկայության և անչափահասների աշխատանքային պայմանները չապահովելու ռիսկերը, առևտրի իրականացման վայրի կազմակերպիչներին (շուկաներին, առևտրի կենտրոններին) ներկայացվող պահանջների անհստակությունը և այլն:
Մեր առաջարկությունները ուղղված են՝ խոշոր առևտրային ցանցերի առաջացումը զսպելուն և նրանց համար հետագա ընդլայնումը պակաս գրավիչ դարձնելուն, ինչպես նաև որակի վերահսկման և կարգավորման առավել արդյունավետ կառուցակարգերի ապահովմանը: Մասնավորապես՝ նպատակահարմար է սահմանել «մանրածախ առևտուր» հասկացությունը, դասակարգել առևտրի օբյեկտները ըստ՝ չափերի և լուծել դրանց տեղաբաշխման հարցը, սահմանել լրացուցիչ վճարներ (հարկեր) առևտրային ցանցերի խոշորացման և ընդլայնման դեպքում, սահմանափակել մեծածախ վաճառողների գործունեությունը մանրածախ շուկայում, կանոնակարգել ապրանքների մատակարարման պայմանագրերի վճարման ժամկետները, սահմանել առևտրային զեղչերի տեսակների և դրանց առանձնահատկությունների վերաբերյալ դրույթները, վերաքննել խոշոր սուպերմարկետների աշխատանքային ժամերի հարցը, ներդնել առևտրային ցանցերի կամավոր վարկանշավորման համակարգ, տարանջատել ապրանքների շուկաներին և առևտրի կենտրոններին վերաբերող պահանջները՝ ավելի խիստ դրույթներ սահմանելով վերջինիս համար, վերանայել առևտրի վայրի կազմակերպիչների համար նախատեսված պետական տուրքի չափը, էլեկտրոնային մանրածախ առևտրի խրախուսման նպատակով մշակել և ներդրնել էլեկտրոնային առևտրի վիճակագրական, հաշվարկավճարային և երաշխիքային առավել արդյունավետ համակարգերը և այլն:
«Հրայր Մարուխեան» հիմնադրամը աջակցում է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի վերլուծությունների տարածմանը։
Ներբեռնել վերլուծությունը (PDF)