Հայաստանը սոցիալական պետության ճանապարհին
«Հրայր Մարուխեան» հիմնադրամի նախաձեռնությամբ «Ազատ Լսարան» ծրագրի շրջանակներում Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Աղվերանում կազմակերպվեց «Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետության ճանապարհին» թեմայով սեմինար։ Մասնակցեցին «Ազատ Լսարան» ծրագրի երկու շրջափուլերի շրջանավարտները, ինչպես նաև մի քանի հրավիրյալներ։
Երկօրյա սեմինարի մասնակիցները քննարկեցին քաղաքական գլխավոր գաղափարախոսությունները և դրանց տնտեսական և սոցիալական բաղադրիչները։ Առանձնահատուկ ներկայացվեին սոցիալիզմի ու սոցիալ-դեմոկրատիայի էությունները, հիմքերն ու առանձնահատկությունները։ Խորացում եղավ ՀՀ-ի կենսաթոշակային համակարգի մարտահրավերների մասով, որպես այժմեական հասարակությանը հուզող խնդիր։ Թեմաների ցանկում էր նաև ազգային գաղափարախոսությունը և դրա նշանակությունը պետական շինարարության մեջ։
Ազատ լսարանային դասախոսություններ եւ քննարկումներ՝ Աղվերանում
ՀՄՀ֊ն հրապարակել է ՀՅԴ վերլուծությունների շարքի հինգերորդը՝ «Միֆեր և իրականություն. Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» թեմայով
«Հրայր Մարուխեան» հիմնադրամը հրապարակել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի վերլուծությունների շարքի հինգերորդը՝ «Միֆեր և իրականություն. Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին»։
Վերլուծությունն առաջին անգամ հանրության ուշադրությանը հանձնվեց մի քանի օր առաջ։
Վերլուծության հրապարակման առիթով ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը հայտարարեց. «Կենսաթոշակային համակարգը երկրի քաղաքական, տնտեսական և սոցիալական անվտանգության տեսանկյունից կարևորագույն գործոններից է, որի արդյունավետ և առողջ կենսագործունեությամբ մեծապես պայմանավորված են երկրի սոցիալ-տնտեսական, բյուջետային կայունությունը, քաղաքացիների ընդհանուր բարեկեցությունը, հասարակության ունակությունը հոգ տանել իր անդամների մասին մինչև խորը ծերություն։
ՀՄՀ֊ն հրապարակել է ՀՅԴ վերլուծությունների շարքի չորրորդը՝ «Մանրածախ առևտրի համակենտրոնացման միտումները ՀՀ-ում» թեմայով
«Հրայր Մարուխեան» հիմնադրամը հրապարակել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի վերլուծությունների շարքի չորրորդը՝ «Մանրածախ առևտրի համակենտրոնացման միտումները ՀՀ-ում»։
Վերլուծությունն առաջին անգամ հանրության ուշադրությանը հանձնվեց մի քանի օր առաջ։
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի այս վերլուծությունն իրականացվել է «Մանրածախ առևտրի համակենտրոնացման միտումները ՀՀ-ում» թեմայով: Ըստ որի՝ ապրանքային շուկաներում առկա համակենտրոնացվածության («մենաշնորհացման») բարձր աստիճանը առաջ է բերում այնպիսի ռիսկեր, ինչպիսիք են՝ մրցակցության խաթարումը, շուկայից փոքր և միջին բիզնեսի դուրս մղումը և նորերի մուտքի սահմանափակումը, սպառողների շահերի ոտնահարումը, կոռուպցիան, գների անհիմն տատանումները և ի վերջո երկրում համախառն տնտեսական վնասի առաջացումը:
ՀՄՀ-ն հրապարակել է ՀՅԴ վերլուծությունների շարքի երրորդը ֊ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի առկա վիճակը և խնդիրները»
«Հրայր Մարուխեան» հիմնադրամը հրապարակել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի վերլուծությունների շարքի երրորդը՝ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի առկա վիճակը և խնդիրները»։
Վերլուծությունն առաջին անգամ հանրության ուշադրությանը հանձնվեց 2017թ. հոկտեմբերին։ Վերջին ամիսների ընթացքում քաղաքական, մասնագիտական և մամուլի շրջանակներում մեծ հետաքրքրություն կա Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման նկատմամբ, ինչը, անշուշտ, պայմանավորված է մեծ ակնկալիքներով և այս ծրագրի իրականցման համար վերցված վարկերի նպատակային օգտագործման հրամայականով: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի նկատմամբ հասարակական վերահսկողությունը և վստահությունը ապահովելու համար ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը նախաձեռնել է փաստաթղթային ուսումնասիրություն (շուրջ 4000 էջ), որի արդյունքում արձանագրվել են մի շարք մտահոգություններ։
Քաղաքացուն տրամադրվել է եռամսյակային հրատապ օգնություն
ՀՅԴ «Հրայր Մարուխեան» հիմնադրամի աջակցությամբ ստեղծված Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակը հստակ քայլերով առաջ է շարժվում իր վստահորդների իրավունքները վերականգնելու հարցում: Այս անգամ դրական լուծում է ստացել տիկին Ասյա Իվանյանի նպաստի տրամադրման հարցը։ Տիկին Իվանյանին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տրամադրել է եռամսյակային հրատապ օգնություն (ամսական 18000 ՀՀ դրամ):
Նպաստի, թոշակի և այլ սոցիալական հարցերով անվճար խորհրդատվություն և փաստաբանական ծառայություններ ստանալու համար դիմեք՝ Շենգավիթ, Մանանդյան 20 հասցեով, կամ զանգահարեք 010 42 67 41, 096 99 66 04 հեռախոսահամարներով։
Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի առաջին հաղթանակը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (թիվ ԵԿԴ/1425/02/16 քաղաքացիական գործով) բավարարել է Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի վստահորդ Սիրական Մուրադյանի հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, Կենտրոն վարչական շրջանի թիվ 15 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամանն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու, աշխատանքային գրքույկում կատարված գրառումը վերացնելու, գործատուից հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի գումարը բռնագանձելու պահանջների մասին։
Հիշեցնենք, որ ՀՅԴ «Հրայր Մարուխեան» հիմնադրամի աջակցությամբ ստեղծված Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակն իրազեկում է աշխատանքային հիմնական իրավունքների մասին, աշխատանքային վեճերի դեպքում պատրաստում է դատական հայցեր, աշխատողներին տրամադրում է փաստաբանական անվճար ծառայություն՝ աշխատանքային վեճերի գծով (չվճարված աշխատավարձ, աշխատանքից անօրինական ազատումներ և այլն), նաև կատարում է զբաղվածության պետական ծառայության տարածքային կենտրոններ ուղղորդելու միջոցով աշխատանքային և մասնագիտական կողմնորոշում։
Քաղաքացիները կենտրոնի ծառայություններից օգտվում են բոլորովին անվճար։
Ձեր աշխատանքային իրավունքները պաշտպանելու նպատակով կարող եք մոտենալ՝ ք. Երևան, Շենգավիթ, Մանանդյան 20, կամ զանգահարել 096-99-66-04:
ՀՄՀ-ն հրապարակել է ՀՅԴ վերլուծությունների շարքի երկրորդը ֊ «Վառելիքային շուկայի առկա հիմնախնդիրները և հնարավոր լուծման ուղիները ՀՀ-ում»
«Հրայր Մարուխեան» հիմնադրամը հրապարակել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի վերլուծությունների շարքի երկրորդը՝ «Վառելիքային շուկայի առկա հիմնախնդիրները և հնարավոր լուծման ուղիները ՀՀ-ում»։
Վերլուծությունն առաջին անգամ հանրության ուշադրությանը հանձնվեց 2018թ. հունվարին։ Հայաստանի տնտեսության և ազգաբնակչության համար առավել զգայուն է դիզելային վառելիքի, բենզինի և սեղմված գազի գների աճը, քանի որ այս ապրանքները ոչ միայն սպառողական, այլև տնտեսական նշանակություն ունեն: Դիզելային վառելիքի, բենզինի և սեղմված գազի գների կտրուկ աճը ուղղակիորեն ազդում է մեր երկրի տարածքում արտադրվող և մատուցվող ապրանքների և ծառայությունների ինքնարժեքների վրա: Մասնավորապես՝ դիզելային վառելիքի և սեղմված գազի գների ազդեցությունը մեծ է գյուղատնտեսության, արդյունաբերության և տրանսպորտի ոլորտների վրա:
Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ. անվճար ծառայություններ՝ աշխատանքային իրավունքների գծով
Այսուհետ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ Մանանդյան 20 հասցեում, կգործի Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ: Գրասենյակի ստեղծման նախաձեռնությամբ հանդես է եկել ՀՅԴ «Հրայր Մարուխեան» հիմնադրամը:
Աշխատանքային հիմնական իրավունքների մասին իրազեկում, աշխատանքային վեճերի դեպքում դատական հայցերի պատրաստում, աշխատողների համար փաստաբանական անվճար ծառայություն՝ աշխատանքային վեճերի գծով (չվճարված աշխատավարձ, աշխատանքից անօրինական ազատումներ և այլն), զբաղվածության պետական ծառայության տարածքային կենտրոններ ուղղորդելու միջոցով աշխատանքային և մասնագիտական կողմնորոշման ու այլ հարցերի համար քաղաքացիները կարող են դիմել նորաբաց կենտրոն և անվճար հիմունքներով օգտվել կնետրոնի ծառայություններից: